Չինաստանը 2022 թվականի իր ռազմական բյուջեն 229 միլիարդ դոլարի կհասցնի
Չինաստանի իշխանությունները մտադիր են 2022 թ.պաշտպանական ծախսերն ավելացնել 7.1 տոկոսով՝ մինչեւ 1.451 տրլն յուան (մոտ 229.07 մլրդ դոլար): Այս մասին ասված է երկրի բյուջեի նախագծում, որը ներկայացվել է շաբաթ օրը՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 13-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ազգային պաշտպանության ծախսերը՝ 1450.45 մլրդ յուան՝ 7.1 տոկոս աճով»,- ասվում է փաստաթղթում։ Հանրային անվտանգության ծախսերը կավելացվեն 4.7 տոկոսով՝ մինչեւ 194.993 մլրդ յուան (մոտ 30.8 մլրդ դոլար):
2021 թվականին Չինաստանը պաշտպանական ծախսերն ավելացրել է 6.8 տոկոսով՝ մինչեւ 1.356 տրլն յուան (տվյալների հրապարակման պահին փոխարժեքով՝ մոտ 209 մլրդ դոլար)։
Շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը, կարծում են, որ Չինաստանը զգալիորեն նվազեցնում է ռազմական բյուջեի պաշտոնական տվյալները, իսկ դրա իրական ծավալը կարող է ավելի մեծ լինել 25-50 տոկոսով։ Ըստ վերլուծաբանների՝ հրապարակված տվյալները չեն ներառում մի քանի շատ կարեւոր կետ՝ ռազմավարական ուժերի վրա ծախսեր, պաշտպանական գիտատեխնիկական զարգացումներ, արտասահմանյան սպառազինության ներմուծում, Ժողովրդական զինված ոստիկանություն (ներքին զորքերի անալոգը) եւ այլ կիսառազմական զինված կազմավորումներ։ Այն նաեւ չի ներառում մարզային իշխանությունների ծախսերը ռազմական կարիքների համար։