Համաշխարհային բանկը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային
Համաշխարհային բանկը (ՀԲ) գրեթե կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանկի հայտարարության համաձայն՝ Մելպասը զրույցի ընթացքում պատմել է, որ տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վարկը Կիեւին։ Նա նաեւ նշել է, որ այդ վարկն ավելացվում է երկկողմ գործընկերների երաշխիքներով, ինչպիսիք են Նիդեռլանդները եւ Շվեդիան, ինչը թույլ է տալիս դրա ընդհանուր գումարը գրեթե 500 մլն դոլարի հասցնել։
Բացի այդ, ՀԲ նախագահն աշխատում է մինչեւ ընթացիկ տարվա մարտի վերջ Ուկրաինային 200 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այդ նպատակով միջազգային կազմակերպությունը նոր նախագծեր եւ գոյություն ունեցողների վերակառուցում է նախապատրաստում: