Moody's-ը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության ռիսկերի բարձրացման մասին
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը եւ դրան հաջորդող տնտեսական պատժամիջոցները բարձրացրել են ռիսկերը համաշխարհային տնտեսության համար, ասվում է Moody's գործակալության զեկույցում:
Հետեւանքների մասշտաբները կախված կլինեն ճգնաժամի շարունակականությունից ու խորությունից, նշում են փորձագետները:
«Ռազմական հակամարտության էսկալացիան սպառնում է Եվրոպայում տնտեսական աճին,-հայտնում է Moody's-ի փոխտնօրեն, ավագ վարկային վերլուծաբան Քելվին Դալրիմփլը:-Մնացած աշխարհը կտառապի հումքի շուկայում գների տատանումներից, երբ ինֆլյացիան առանց այն էլ բարձր է, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցների հետեւանքներից ու ֆինանսական շուկաների փոփոխականությունից:
Ռուսաստանն ու Բելառուսը կզգան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից սահմանված մասշտաբային պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը, նշում են գործակալությունում: Այդ պատժամիջոցներն անուղղակիորեն կազդեն Ռուսաստանի հետ աշխատող օտարերկրյա ընկերությունների վրա, ինչպես նաեւ կնպաստեն համաշխարհային տնտեսությունում դոմինոյի էֆեկտին, նշում են վերլուծաբանները:
«Հումքի ոլորտում գնային ցնցումները կմեծացնեն ինֆլյացիոն ճնշումը, հատկապես՝ տնտեսություններում, որոնք Ռուսաստանում հումքի խոշոր պատվիրատուներն են: Ներխուժման պահից ի վեր նավթի մեկ բարելի արժեքը գերազանցում է 100 դոլարը: ՌԴ-ն մետաղների, այդ թվում՝ ալյումինի, պլատինի, պղնձի եւ պալլադիումի խոշոր արտադրող է, եւ այդ հումքի գները նույնպես բարձրացել են ճգնաժամի հետեւանքով: Մյուս երկրները, որոնք արդյունահանում են այդ մետաղները, շահում են գնաճի արդյունքում, սակայն սպառողները կբախվեն ապրանքների գնաճի հետ, քանի որ այդկերպ արտադրողները կփոխհատուցեն բարձր ծախսերը»,-ասվում է զեկույցում:
Ռուսաստանն ու Ուկրաինան կարեւորագույն դերակատարում ունեն նեոնի համաշխարհային արտադրության գործում, որն առանցքային բաղադրիչ է միկրոչիպերի արտադրության համար, եւ ռազմական հակամարտությունը կարող է խորացնել կիսահաղորդիչների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ոլորտում մատակարարումների պակասը, նշում են փորձագետները:
«Երկու երկրներն ունեն ցորենի համաշխարհային արտահանման շուրջ 25 տոկոսը: Ցորենի եւ այլ հատիկավորների գները կտրուկ աճել են ներխուժումից հետո՝ չնայած հետեւանքները դեռեւս խիստ ակնհայտ չեն, քանի որ իրադարձությունները զարգանում են ձմռանը, ոչ թե բերքահավաքի ժամանակաշրջանում: Պարարտանյութերի գները, հավանաբար, եւս կաճեն: Պարենային ինֆլյացիան մյուս գների բարձրացման հետ միաժամանակ կարող է ուժգնացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,-ասվում է զեկույցում:
Moody's-ի վերլուծաբանները նաեւ նշում են հակամարտության մեկնարկից ի վեր համաշխարհային ֆինանսական շուկաներում փոփոխականության աճի մասին:
«Աշխարհաքաղաքական անորոշությունը, հումքի թանկացումը, պատժամիջոցների էսկալացիան եւ բիզնեսների տարածաշրջանային ապակայունացումը բացասաբար կազդեն շուկաների վրա: Եթե դա հանգեցնի իրացվելիության զգալի եւ շարունակական ճնշմանը, ապա կվատթարանան ֆինանսավորումը ներգրավելու պայմանները համաշխարհային բարձր ռիսկայնությամբ փոխառուների ու պետությունների համար, որոնք կախված են կապիտալի համաշխարհային հոսքերից: Այդ ֆոնին դոլարը շարունակում է ամրապնդել իր դիրքերը»,-նշվում է Moody's-ի զեկույցում: