Մեքսիկայի իշխանությունները հետաքննում են հուղարկավորության ժամանակ 17 մարդու սպանության մասին հաղորդումները
Մեքսիկայի իշխանությունները հետաքննում են հուղարկավորության ժամանակ 17 մարդու սպանության մասին հաղորդումները։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, հայտնում է Reuters-ը։ Սոցցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ մարդիկ շարված են պատի տակ, նրանց մեծ մասը ձեռքերը գլխի հետեւում են պահում, այնուհետեւ նրանց գնդակահարում են:
Մեքսիկական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհերը սպանվել են Սան Խոսե դե Գրասիա քաղաքում, որը գտնվում է Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայից մոտ 200 կիլոմետր դեպի արեւմուտք, որտեղ մրցակից թմրակարտելների միջեւ բախումները հանգեցրել են բռնությունների աճի:
Միչոական նահանգի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դիակներ չեն հայտնաբերվել, սակայն քննիչները փամփուշտներ են հայտնաբերել այն վայրում, որտեղ, ենթադրաբար, նկարահանվել է տեսանյութը:
Լոպես Օբրադորը հորդորել է համբերությամբ լցվել՝ հայտարարելով, թե «ամբողջ հոգով» հույս ունի, որ իրադարձությունները ճիշտ չեն: «Մենք դեռ տեղեկություն չունենք»,- հավելել է Լոպես Օբրադորը:
Վերջին տարիներին հոգեհանգիստները միջհամայնքային բախումների մաս են դարձել եւ ընդգրկում են Մեքսիկայի որոշ հատվածներ, որտեղ կարտելները պայքարում են մաքսանենգության ուղիների եւ տարածքների վերահսկողության համար: