Վիկտոր Օրբան. Պատժամիջոցները երկսայրի զենք են. Սա ճգնաժամի միայն սկիզբն է
Հունգարիան կողմ է հանդես եկել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, բայց իր տնտեսությունը նույնպես անխուսափելիորեն կտուժի դրանցից, պետական ռադիոյին ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Առաջին հարվածը հունգարական տնտեսությանը, նրա խոսքով, այս շաբաթվա սկզբին «Սբերբանկ»-ի փակումն էր Եվրոպայում, երբ շատ հաճախորդներ, այդ թվում՝ ընկերություններ, կորցրեցին իրենց գումարները: «Պատժամիջոցները գին ունեն, քանի որ դա երկսայրի զենք է, եւ մենք կվճարենք այդ գինը կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է աշխատի Ռուսաստանի դեմ ուղղված միջոցների ուղիղ վնասի մեղմման ուղղությամբ: «Սա ճգնաժամի միայն սկիզբն է»,- ասել է նա:
Հունգարիայի ազգային բանկը չեղյալ հայտարարեց «Սբերբանկ»-ի լիցենզիան այն բանից հետո, երբ Եվրոպական կենտրոնական բանկը հրահանգեց փակել դրա եվրոպական մայր ընկերությունը։ Հաճախորդների մինչեւ 100.000 եվրո ավանդները կփոխհատուցվեն Ավանդների ապահովագրման ազգային հիմնադրամի կողմից:
Օրբանը նաեւ ասել է, որ Եվրոպայում էներգակիրների գների աճը լրացուցիչ գնաճային ճնշում կառաջացնի, որը պետք է հաղթահարեն եւ կենտրոնական բանկը, եւ կառավարությունը:
Նա նշել է, որ Ուկրաինայից փախած եւ Հունգարիա ժամանած մոտ 140.000 մարդկանց մոտ 70-80 տոկոսը մեկնել է այլ երկրներ, բայց շատերը մնացել են: Հունգարիան կցանկանար նրանց աշխատանք առաջարկել:
«Մենք բանակցություններ ենք սկսել գործատուների հետ… որպեսզի մնացողներն աշխատանք ստանան», - ասե է Օրբանը: