Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ ամեն ինչ անել՝ դադարեցնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտնել է դաշինքի գործընկերներին տարածաշրջանում Թուրքիայի «հավասարակշռված և վճռական» քաղաքականության մասին:
«Մարդասիրական միջանցքների ձևավորումը կարևոր խնդիր է, բայց մեզ համար բացարձակ առաջնահերթությունը պատերազմի դադարեցումն է»՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կապի մեջ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Դեռևս ռազմական գործողություններից առաջ թուրքական կողմը ցանկանում էր կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար։ Նրա կարծիքով՝ այդ քայլը սխալ է ռազմավարական տեսանկյունից։