Բլինքեն. Մենք հակամարտության չենք ձգտում, բայց պատրաստ ենք դրան
ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին եւ իր տարածքը Ռուսաստանի հարձակումներից, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը Բրյուսելում մասնակցում է դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, տեղեկացրել է CNBC-ն։
«Մեր դաշինքը պաշտպանական բնույթի է։ Մենք չենք ձգտում հակամարտության։ Բայց եթե հակամարտություն լինի, մենք պատրաստ ենք դրան եւ կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր մատնաչափը»,- ասել է նա լրագրողներին՝ դատապարտելով այն, ինչը անվանել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա։
«Եվ գիշերը մենք նաեւ հաղորդագրություններ տեսանք ատոմային էլեկտրակայանի վրա հարձակման մասին։ Դա պարզապես ի ցույց է դնում այս պատերազմի անխոհեմությունը եւ այն դադարեցնելու կարեւորությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի բոլոր զորքերի դուրսբերման եւ դիվանագիտական ջանքերին բարեխիղճ մասնակցության կարեւորությունը»։