Օլաֆ Շոլց. ՆԱՏՕ-ն չի մասնակցի պատերազմին Ուկրաինայում
ՆԱՏՕ-ն չի մասնակցի պատերազմին Ուկրաինայում: Այս մասին ZDF-ին տված հարցազրույցում ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դա Ուկրաինայում այս բարդ իրավիճակի դրամատիկ սրման կհանգեցներ, որը մեծ վտանգներ է պարունակում։ Ուստի դա հիմա անելն անխոհեմ կլիներ։ Այդ իսկ պատճառով այժմ չի լինի լուծում, որն այս առճակատմանը ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ներգրավման կհանգեցնի»,- ասել է Շոլցը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ առճակատումը կանխելու անհրաժեշտությունը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակի հանդարտեցման համար հրադադարի ռեժիմ եւ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման շուրջ հետագա բանակցություններ են անհրաժեշտ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ համաձայնեցված պատժամիջոցներն իրենց զգացնել տվեցին առաջին փուլում։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պատերազմ է ուկրաինացի ժողովրդի դեմ»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը կլուծի տարածաշրջանի խնդիրները, քանի որ ժողովրդավարությունը ժողովրդից պետք է բխի։ «Չկա մի կոճակ, որը կարելի է սեղմել՝ բոլոր խնդիրները լուծելու համար: Միակ ճանապարհը՝ փորձել հիմք ստեղծել բանակցությունների համար ու կոնսենսուս գտնել»,- եզրափակել է նա: