ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը բացատրություններ է պահանջել ամերիկացի սենատորի՝ Պուտինին սպանելու կոչի կապակցությամբ
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը բացատրություն է պահանջել եւ խստորեն դատապարտել է նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու կոչ արած ամերիկացի սենատորի հայտարարությունները։
«Ամերիկացի քաղաքական գործչի հայտարարությունն անընդունելի եւ զարհուրելի եմ համարում։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ ռուսաֆոբիայի եւ ատելության աստիճանը չափազանց բարձր է: Անհնար է հավատալ, որ մի երկրի սենատորը, որը իր բարոյական արժեքները որպես «ուղղորդող աստղ» է քարոզում ամբողջ մարդկության համար, կարող էր իրեն թույլ տալ ահաբեկչության կոչ անել՝ որպես միջազգային ասպարեզում Վաշինգտոնի նպատակներին հասնելու միջոց»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ մտահոգված է Միացյալ Նահանգների ճակատագրի համար, որի ղեկին նման անպատասխանատու եւ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են կանգնած. «Պահանջում ենք պաշտոնական բացատրություններ ներկայացնել եւ խստորեն դատապարտել այդ ամերիկացու հանցավոր հայտարարությունները»:
Ավելի վաղ սենատոր Լինդսի Գրեմը, ելույթ ունենալով Fox News-ի փրայմթայմի ժամանակ, ասել էր, որ ուկրաինական սրացող ճգնաժամին վերջ տալու միակ միջոցը Պուտինի սպանությունն է իր քաղաքական դաշնակիցների կողմից: