Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին է հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրությունը։ Մակրոնի նամակը, որում նա հայտարարել է իր որոշման մասին, հինգշաբթի հրապարակել են Ֆրանսիայի տարածաշրջանային լրատվամիջոցները, հայտնում է BFM-ը։
«Խնդրում եմ ձեր վստահությունը նախագահական նոր մանդատի համար»,- ասվում է Մակրոնի ուղերձում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մակրոնը պետք է առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Իր մտադրության մասին նախագահը պետք է տարածաշրջանային մամուլի միջոցով հայտնի։
Դրանից հետո քաղաքական գործիչը Սահմանադրական խորհրդում այդ մասին պաշտոնապես կհայտարարի։
Մինչ այս Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենը հայտարարել էր իր նախընտրական ակտիվ արշավը դադարեցնելու մասին։ Քաղաքական գործիչը բացատրել էր, որ նախագահի պաշտոնում առաջադրման համար իրեն ֆրանսիացի պատգամավորների «քառասունից մի փոքր ավելի ստորագրություն» է պակասում։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլին եւ կանցկացվեն երկու փուլով՝ 10-ին եւ 24-ին։ Թեկնածուները մինչեւ ուրբաթ պետք է ավարտեն գրանցման ընթացակարգերը: