Մեծ Բրիտանիայի թագուհին նվիրատվություն է կատարել ուկրաինացի փախստականներին օգնելու համար
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նվիրատվություն է կատարել Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմի հետևանքով երկրից փախածներին: Այս մասին ասվում է բարեգործական կազմակերպության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Украинская правда-ն։
Բարեգործական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել Նորին Մեծությանը առատաձեռն նվիրատվության համար, սակայն Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է որևէ մանրամասներ տրամադրել՝ ասելով, որ դա մասնավոր հարց է:
15 բարեգործական կազմակերպությունների խումբ հանդես է եկել համատեղ դրամահավաքի կոչով՝ օգնելու Ուկրաինայից փախած ավելի քան մեկ միլիոն փախստականներին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ արդեն հիմք է տեսնում խոսելու Ուկրաինայում ռուսական օկուպացիոն ուժերի ռազմական հանցագործությունների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։