Ուկրաինական զինուժը ռմբակոծում է Լուգանսկը
Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել են Զոլոտոյե-5 համայնքը՝ օգտագործելով «Գրադ» բազմակի հրթիռային կայաններ: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, հաղորդել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ ժամը 16:10-ին ուկրաինական բանակը «ԲՄ-21 Գրադ» բազմակի հրթիռային կայաններից արձակել է 40 արկ «Զոլոտոյե-5»-ի ուղղությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։