Մարտի 13-ից կմեկնարկեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նիստին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի շրջանակում իրականացվելիք ծրագրերը, հոբելյանական ցուցապաստառի հնարավոր տարբերակները:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով. «Շատ կարևոր է այս միջոցառումներով ներկայացնել Չարենցի բազմաշերտ էությունը, բացահայտել նրան բոլոր կողմերից»:
Հոբելյանական ծրագրի ընթացքը ներկայացրել է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Ըստ նրա՝ մեկնարկը տրվելու է մարտի 13-ին՝ Ե. Չարենցի ծննդյան օրը, նրա անունը կրող դպրոցից: Այնուհետև միջոցառումների շարք է նախատեսվում տուն-թանգարանում՝ գրողի անձնական գրադարանի ցուցադրություն, «Ամբոխները խելագարված» պոեմի բեմադրություն, շրջայց և այլն: 125 աշակերտ թանգարանից քայլերթով կգնա դեպի Եղիշե Չարենցի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ցուցադրություն կկազմակերպվի նաև Նկարիչների միությունում:
Կողմերը ներկայացրել են հոբելյանական ծրագրի հաջորդական մաս կազմող միջոցառումների շարքը: Աշխատանքային խմբի կողմից հնչել են դիտողություններ, առաջարկներ: Քննարկվել են նաև Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված ցուցապաստառի պատրաստի տարբերակները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստին ամրագրել վերջնական ծրագիրը: