ՌԴ ՊՆ. Ուկրաինայում կռվող արեւմտյան վարձկանները ռազմագերու կարգավիճակի իրավունք չեն ունենա
Կիեւին օգնելու համար Արեւմուտքի կողմից ուղարկված վարձկանները ռազմագերու կարգավիճակ չեն ունենա, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Կիեւի ազգայնական վարչակարգին օգնելու համար Արեւմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, զինվորներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակ չունեն»,- ասել է նա։
Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի վրա օտարերկրյա վարձկանների բոլոր հարձակումներն իրականացվում են Արեւմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։
Կոնաշենկովը հայտնել է, որ օտարերկրյա վարձկանները բերման ենթարկվելու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն։