Observer․ Մայքլ Արամը պատմել է նոր հավաքածուի մասին, որը ոգեշնչված է կյանքով Հարավային Ֆլորիդայում
Ամերիկյան «Observer» հայտնի պարբերականը պատմել է աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Մայքլ Արամի նոր հավաքածուի մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ դիզայների կողմից ստեղծված իրերով տունը զարդարելը ոչ միայն էսթետիկա է, այլեւ տունը դրախտի վերածելու գորընթաց։
Երկու տարի առաջ 59-ամյա Արամն ու նրա ամուսինը՝ Արետ Տիկիրյանը, Հարավային Ֆլորիդայում 1920-ականների միջերկրածովյան ոճով տուն են ձեռք բերել, ուր ապրում են 11-ամյա երկվորյակների՝ Անաբելի եւ Թադեուսի հետ։
Աշխատելով տան վերանորոգման վրա՝ Արամը գաղափարներ է ընտրում նոր հավաքածուների համար։ Նկարիչը, որչը ոգեշնչում է գտնում իր շրջապատում, մասնավորապես բնության մեջ, ասում է, որ Հարավային Ֆլորիդայի տրոպիկական մթնոլորtն իրեն արդեն բազմաթիվ գաղափարներ է տվել դիզայնի համար։ «Ինձ դուր է գալիս Հարավային Ֆլորիդայի կենսակերպը, գեղեցկությունն ու թեթեւության զգացումը, նրբագեղությունը, որը գտել ենք այստեղ։ Ես ապագա նախագծերը, որոնք ոգեշնչված են Ֆլորիդայով, պատկերացնում եմ արմավներով ու ծողային խաղողի տերեւներով»,- ասում է Արամը։
Արամի հեղինակած իրերից շատերը, որոնք նա օգտագործում է իր տանը, կներկայացվեն ապագա հավաքածուներում։ Նա նշում է, որ Նյու Յորքից Փալմ Բիչ տեղափոխելուց հետո իր խանութների դիզայնը եւս փոխվել է։ «Նյու Յորքում բրենդի վիզուալ «լեզուն» ավելի մուգ էր, բայց երբ երկու տարի առաջ մեր խանութը բացեցինք Մայամիում, դա սխալ էր թվում։ Մենք շատ ենք մտածում գույնի մասին, եւ դա արտացոլված է ինչպես Բել Հարբորում գտնվող մեր բուտիկում, այնպես էլ փաթեթավորման մեջ, որն արվում է առավել բաց երանգներով։ Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են հարկավոր»,- ասում է Արամը։
Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել ու մեծացել է հայկական ընտանիքում։ Նրա դիզայներական աշխատանքները հիմնված են նրա ընտանիքի մշակույթի, սովորույթների վրա։ Նկարիչը հիշում է, թե ինչպես էր իր ընտանիքը հավաքվում ընթրիքի համար՝ գեղեցիկ զարդարված սեղանի շուրջ վայելելով այն։ Այժմ նրա մետաղական սպասքը զարդարված է խորհրդանիշներով, որոնք կարելի է գտնել հայկական մշակույթում՝ նուռ, ձիթենու ճյուղ, խաղողի վազ եւ այլն։