Պեսկովը պարզաբանել է, թե ինչպես է «ապազգայնականացվելու» Ուկրաինան
Ուկրաինայի ապազգայնականացման աշխատանքի ուղղություններից մեկը Ուկրաինայի Զինված ուժերի ազգայնական գումարտակների ոչնչացումն է եւ դրանց հրամանատարության ու մարտիկների քրեական հետապնդումը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Այնտեղ գործում են ազգայնական բնույթի սահմանափակ թվով միավորումներ, բանդերականներ։ Իհարկե, պետք է ազատվել դրանցից։ Նրանք նեոնացիստներ են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր 2014թ. սկսեցին սպանել իրենց մարդկանց։ Խոշտանգել մարդկանց Ուկրաինայի հարավ-արեւելքում։ Այդ ժամանակ մենք Արեւմուտքի այսպիսի միասնություն չտեսանք։ Բայց ինչ-որ մեկը պետք է պատժի նրանց»,- ասել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայում հատուկ գործողությունից ռուսական բանակի կրած կորուստների մասին հարցին՝ նշելով, սակայն, որ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ մասին բոլոր տվյալներն ստանում է։