ՌԴ ՊՆ. Ռուսական զորքերը շարքից հանել են Կիեւի պահեստային ռադիոհեռուստատեսային կենտրոնը
Ռուսական զորքերը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել են Կիեւի Լիսայա գորա շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Газета»-ն։
Ըստ Կոնաշենկովի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայություններն օգտագործել են ռադիոհեռուստատեսային կենտրոնը «Ռուսաստանի դեմ հոգեբանական գործողությունների համար»։ Գնդակոծության ժամանակ խաղաղ բնակչության շրջանում ոչ ոք չի տուժել։
Կոնաշենկովը նշել է, որ «ազգայնական գումարտակներից ազատագրվել է Բալակլեա քաղաքը»։ Շարունակելով հաջող հարձակողական գործողությունները՝ ռուսական ԶՈւ-ն վերցրել է Չիստոպոլիե, Նովոպոլտավսկ, Ժովտնեւոյե քաղաքների վերահսկողությունը եւ առաջնագիծը մոտեցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումներին։ ԼԺՀ զորախմբավորումը ռուսական ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակել է հարձակողական գործողությունները եւ հասել Կրասնի Լիման-Պրիվոլիե-Սեւերոդոնեցկի հյուսիսային ծայրամաս բնագծին։ Առաջխաղացումը կազմել է 4 կիլոմետր։
ԴԺՀ Զինված ուժերի ստորաբաժանումները սեղմել են օղակը Մարիուպոլ քաղաքի շուրջ եւ վերցրել Վինոգրադնոյե, Սարտակա եւ Վոդյանոյե բնակավայրերի վերահսկողությունը։
Նա տեղեկացրել է, որ հատուկ գործողության սկզբից ռուսական բանակը խոցել է 1 612 օբյեկտ՝ ուկրաինական Զինված ուժերի 62 կառավարման կետ եւ կապի հանգույց, հակաօդային պաշտպանության 39 С-300 զենիթահրթիռային համալիր, «Бук М-1» եւ «Оса», 52 ռադիոտեղորոշման կայան եւ այլն։
Բացի այդ, ոչնչացվել են 62 ինքնաթիռ, 606 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգ եւ այլ տեխնիկա։