ԱՄՆ-ն օրինագիծ է պատրաստել ռուսական նավթից հրաժարվելու մասին
Ամերիկացի հանրապետական սենատորների խումբն օրինագիծ է պատրաստել ռուսական նավթի ներկրումից հրաժարվելու մասին։ Սենատոր Ռոջեր Մարշալի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ օրինագծի հեղինակներն ԱՄՆ-ին կոչ են անում վերականգնել անկախությունը էներգետիկայի ոլորտում եւ դադարեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորումը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է վերսկսի ԱՄՆ-ում էներգիակիրների արտադրությունը եւ դադարեցնի Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի պատերազմի ֆինանսավորումը՝ Ռուսաստանից նավթ գնելու ճանապարհով։ Նախորդ վարչակազմի օրոք մեր երկիրն էներգետիկապես անկախ էր, բայց նախագահ Բայդենը փոխեց քաղաքական կուրսը եւ Ռուսաստանի նման թշնամական երկրներին վերածեց Ամերիկայի ավտոլցակայանի»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2021 թվականին ԱՄՆ-ը Ռուսաստանից օրական ներմուծել է գրեթե 700 հազար բարել նավթ։ Սենատորներն ընդգծում են, որ դրան պետք է վերջ տալ եւ որպես լուծում առաջարկում են ավելացնել նավթի եւ գազի արդյունահանումը հենց ԱՄՆ-ում։
«Ռուսաստանն ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն նավթի մատակարարն է։ Ամեն օր ԱՄՆ-ն եւ մեր եվրոպացի դաշնակիցները հարյուր միլիոնավոր դոլարներ են ուղարկում Ռուսաստան՝ նրա էներգակիրների մատակարարման համար։ Մենք այլեւս չենք կարող սուբսիդավորել ռուսական ագրեսիան։ Բայդենի վարչակազմը պետք է վերականգնի Keystone XL խողովակաշարը եւ առաջ մղի խելամիտ լուծումներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր մեր երկրում եւ մեր հակառակորդներին կթողնեն առանց փողի»,- ընդգծել են սենատորները:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ եթե նախագահ Բայդենը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, ապա օրինագծի համահեղինակները կշարունակեն աշխատել Կոնգրեսում՝ «Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»։