Ռուսաստանում դեղամիջոցները կարող են թանկանալ. առայժմ դրանք վաճառվում են հին գներով
Դեղարտադրողները դժվարությունների են բախվել եվրոպական սուբստանցիաների, դրանց արտադրության համար նախատեսված նյութերի (ինտերմեդիատների), ինչպես նաեւ դրանց համար սարքավորումների եւ պահեստամասերի համար վճարման եւ Ռուսաստան տեղափոխման հարցում: Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է Ռուսաստանի դեղագործական արտադրողների ասոցիացիայի (ՌԴԱԱ) գլխավոր տնօրեն Վիկտոր Դմիտրիեւը։
Նրա խոսքով՝ հումք վաճառողները պատժամիջոցների պատճառով վախենում են տրանսպորտային միջոցներ ուղարկել Ռուսաստան եւ 100 տոկոս կանխավճար են պահանջում:
Առնվազն երկու դեղարտադրողներ չեն կարող ստանալ արդեն իսկ վճարված պատվերներ, վստահեցնում է Դմիտրիեւը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին լոգիստիկայի հետ կապված խնդիրները կշարունակվեն, ուստի հայրենական դեղագործական ընկերությունները կանցնեն չինական եւ հնդկական մատակարարների արտադրանքին: Չինաստանն ու Հնդկաստանը կարողանում են հոգալ նյութերի կարիքների 90 տոկոսը, հավելել է Բեսպալովը։ Այնուամենայնիվ, ինքնարժեքի աճը կանգնեցնել հնարավոր չի լինի, քանի որ ազգային արժույթների մեծ մասը կապված է դոլարի եւ եվրոյի հետ, եզրակացրել են երկու փորձագետները: