«Ադրբեջանը հակառուսաստան է. ՌԴ-ն դա գիտակցում է». Վարդան Ոսկանյան
ՏեսանյութերԻրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես ՌԴ իշխանություններն են ներկայացնում, աջակցել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությանը՝ դրանում մեղադրելով ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին: Բայց Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի կողմնակիցները պնդում են, որ այս իրավիճակը գալիս է ապացուցելու նախագահի կողմից մեկ ամիս առաջ հնչեցրած այն թեզը, թե ՌԴ-ն ու ԱՄՆ-ը «կեղտոտ գործարք» են կնքել՝ Ուկրաինան և Իրանն իրենց միջև բաժանելու վերաբերյալ: Ըստ Իրանի պաշտոնաթող նախագահի աջակիցների՝ առայժմ դեպքերը զարգանում են՝ Ահմադինեժադի կանխատեսումներին համաձայն:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են գնահատականներն այսքան հակասական Իրանում:
«Եթե փորձենք դիտարկել Իրանի քաղաքական դաշտը և այդ քաղաքական դաշտում դերաբաշխումները, ապա ակնհայտ է, որ իրանցիները սեփական պետության շահերից ելնելով՝ փորձում են քաղաքական համակարգի ներսում պահպանել բազմակարծությունը: Ըստ այդմ՝ Իրանի ներկա իշխանությունները Ձեր նշած առաջին տեսակետի կողմից են արտահայտվում, և դա այդպես էլ պետք է լինի, որովհետև կարմիր գծերը սահմանել է Իրանի հոգևոր առաջնորդը: Խամենեին իր վերջին ելույթում հստակորեն արձանագրեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն ԱՄՆ-ի քաղաքականության հետևանք են: Բայց նաև նախկին նախագահ Ահմադինեժադի կողմնակիցներն այն տեսակետին են, որ ըստ էության, առանձնապես մեծ տարբերություն չկա ՌԴ-ի և ԱՄՆ-ի վարած քաղաքականության միջև, հետևաբար՝ իրանցիները պետք է վարեն սեփական քաղաքականությունը: Սա էլ տեղավորվում է դեռևս իսլամական հեղափոխությունից եկող մի կարևոր մտայնության մեջ, երբ Իրանը նաև կարգախոսի մակարդակով հայտարարել էր, որ այս պետությունը պետք է լինի ո՛չ Արևմուտքի հետ վասալական հարաբերություններ ունեցող, ո՛չ Արևելքի, իսկ այն ժամանակ Արևելք ասելով՝ հասկանում էին Խորհրդային Միությունը: Հետևաբար՝ նաև արմատներ ունի Ահմադինեժադի այս տեսակետը»,- պարզաբանեց նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ: Նա մասնավորապես ասել է. «Պուտինը կարող է Կիևը շրջապատել տանկերով, բայց նա երբեք չի ստանա իրանցիների հոգիներն ու սրտերը»:
Վարդան Ոսկանյանից ճշտեցինք՝ հնարավո՞ր է, որ Ահմադինեժադի կողմնակիցներն այնուամենայնիվ ճիշտ են, և սա ռուս-ամերիկյան գործարք է, թե՞ Բայդենն իսկապես շփոթել է ուկրաինացիներին իրանցիների հետ:
«Կարծում եմ, որ դատելով նաև Քամալա Հարիսի արձագանքից, որը փաստորեն փորձում էր հուշել ԱՄՆ նախագահին, որ պետք է ասել՝ ուկրաինացիներ, այլ ոչ թե՝ իրանցիներ, ուղղակի խոսքային շփոթ է տեղի ունեցել: Բայց Իրանում կատակելով պնդում են, որ՝ այո՛, նախագահ Բայդենը ճիշտ է, և իրանցիների սիրտը շահելը կամ իրանցիներին կոտրելը ԱՄՆ պարագայում բավական բարդ գործ է: Ընդհանուր առմամբ, ակնհայտ խոսքային սխալ է, և դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ չափազանց կարևոր է արտաբերված յուրաքանչյուր բնորոշումը, բառը: Ուստի, այս համատեքստում, եթե փորձենք համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանում ունենք շատ ավելի ուժեղ և ուշիմ ղեկավար»,- ի պատասխան՝ ասաց նա:
Իրանագետը նկատեց՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նաև Վիեննայում ընթացող գործընթացները կարող են հանգեցնել նրան, որ Իրանը և ԱՄՆ-ը կարող են գալ որոշակի համաձայնության, ապա Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը կարող են ուղղակիորեն ազդել այդ համաձայնության վրա. «Սա հնարավորություն է Իրանի համար: Մյուս կողմից՝ ստեղծվել է նաև մարտահրավեր, որովհետև հենց միջուկային բանակցություններում կարևորագույն խաղացող է ՌԴ-ն, և Իրանի հետ համաձայնությունը պայմանավորված էր նաև ՌԴ դիրքորոշումներով, իսկ այժմ տեսնում ենք, որ այս երկու խոշոր գերտերությունների դիրքորոշումները տրամագծորեն հակընդդեմ են միմյանց: Ուստի ստեղծվել են նաև ռիսկեր այդ միջուկային համաձայնության համար»:
Վարդան Ոսկանյանն անդրադարձավ նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրմանը՝ նշելով, որ այն «նեղացրել է Բաքվի բռնապետի մանևրելու» հնարավորությունը. «Այժմ Բաքվի բռնապետը պետք է կարողանա մանևրել երկու դաշնակցային հռչակագրերի միջակայքում, իսկ այդ միջակայքը շատ նեղ է, եթե չասենք, որ գրեթե չկա: Խոսքը Շուշիում ստորագրված տխրահռչակ հռչակագրի մասին է, ընդ որում՝ հռչակագիրը ստորագրողները միմյանց կոչում էին «եղբայր» բառով և խոսում այն մասին, որ գործ ունեն «երկու պետություն, մեկ ազգ» կոնցեպտի հետ, Ռուսաստանի հետ կնքված հռչակագրում նման բնորոշումներ և հռետորաբանություն չկա: Բայց մեզ համար ավելի անհանգստացնող պետք է լինի այն հանգամանքը, թե 5 ժամ անընդմեջ ինչ է խոսել Բաքվի բռնապետը ՌԴ նախագահի հետ: Հռչակագրի կետերը պարզ են, այն հրապարակվել է, շատ ավելի կարևոր է այդ խոսակցության բնույթը, որովհետև Ադրբեջանի համար էլ հիմա ստեղծվել են որոշակի հնարավորություններ՝ գործելու հակառուսական տիրույթում: Եվրոպական մի քանի պաշտոնյաներ իրար հերթ չտալով հայտարարում են, որ պետք է կրճատել ռուսական գազից կախվածությունը, և որպես ռուսական գազի այլընտրանք՝ նշում են ադրբեջանական գազի ծավալների մեծացումը: Իսկ եթե Ադրբեջանը գնա նման քայլի, ապա դա բացահայտ մասնակցություն է ՌԴ-ի դեմ հայտարարված տնտեսական պատերազմին: Ուստի այստեղ Բաքվի բռնապետի որոշումներ կայացնելու հնարավորությունը սահմանափակվել է: Բայց մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանը հակառուսական պետություն է. հակառուսաստան է: Եթե նման բնորոշում ՌԴ նախագահը տվեց Ուկրաինային, ապա Ադրբեջանը նույնանման հակառուսաստան է, ուղղակի շատ ավելի թաքուցյալ և շատ ավելի վտանգավոր բնույթով: Ադրբեջանը թաքնված հակառուսական տարածք է և հակառուսական հասարակություն է»:
Հարցին՝ Ռուսաստանում դա չե՞ն գիտակցում, որովհետև անընդհատ սիրաշահում են Ադրբեջանին, նա պատասխանեց. «Անհնար է, որ Ռուսաստանում դա չգիտակցեն, բայց Ռուսաստանը բազմաշերտ պետություն է, և թեև դասական իմաստով լոբբիզմ ՌԴ-ում չկա, բայց թաքնված լոբբիստական գործողություններ ՌԴ-ում իրականացնում է հիմնականում Բաքվի բռնապետը՝ զանազան պաշտոնյաների կաշառելու միջոցով որոշակի արտոնություններ տրամադրելու միջոցով: Այս համատեքստում, հանգիստ լինել, թե Ռուսաստանը սա գիտակցում է, և ոչինչ չանել, անտրամաբանական է և մեծ շռայլություն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում