Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու. Գերմանիայի կանցլերը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին
Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնում է գերմանական «Դոյչե Վելլե» առցանց պարբերականը:
«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու: Տվյալ իրավիճակում դա ճիշտ չէր լինի»,- ասել է Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Շոլցը շեշտել է, որ ներկա իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ հակամարտությանը ներքաշված է միջուկային տերություններից մեկը: Գերմանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Արևմուտքը «ճիշտ դիրք է գրավել հետևողականության և անհրաժեշտ զգուշավորության միջև»:
Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունները, որը Կրեմլը անվանում է «հատուկ օպերացիա», սկսվել են փետրվարի 24-ի վաղ առավոտյան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո: Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» (ապառազմականացմանը) և «դենացիֆիկացմանը»: