Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով
Թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ռուսական երեք նավերի անցնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան պահանջել է Ռուսաստանից չեղարկել Սեւծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի՝ նեղուցներով անցնելու հարցումը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։
Փետրվարի 28-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան զգուշացրել է առափնյա եւ ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացվող հատուկ օպերացիայի պատճառով։ Թուրքիան հավատարիմ է Մոնտրյոյի կոնվենցիային, ըստ որի՝ ոչ սեւծովյան երկրների ռազմանավերը Սեւ ծովում կարող են մնալ երեք շաբաթից ոչ ավել։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան, եթե զինված հակամարտության կողմ չի հանդիսանում, իրավունք ունի արգելել կամ սահմանափակել անցումը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով։