Apple-ը դադարեցնում է իր ծառայությունների վաճառքն ու աշխատանքը Ռուսաստանում
Apple Inc-ը երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանում իր բոլոր ապրանքների վաճառքը դադարեցման մասին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման ի պատասխան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմամբ եւ աջակցում ենք բռնությունից տուժած բոլոր մարդկանց,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ:- Մենք աջակցում ենք մարդասիրական ջանքերին, օգնություն տրամադրում ճգնաժամի հետեւանքով փախստական դարձածներին եւ անում ամեն ինչ՝ մեր տարածաշրջանային թիմերին աջակցելու համար»:
Ընկերությունը ներխուժմանն ի պատասխան մի շարք գործողություններ է նախանշել, այդ թվում՝ դեպի Ռուսաստան բոլոր արտահանումների դադարեցում: Բացի այդ, Apple Pay ակնթարթային վճարման ծառայությունը եւ այլ ծառայություններ սահմանափակված են Ռուսաստանում, հայտնել են ընկերությունում։ Ռուսական պետական լրատվամիջոցները՝ RT News-ը եւ Sputnik News-ը, այլեւս հասանելի չեն Ռուսաստանի սահմաններից դուրս Apple Store-ում ներբեռնման համար։
Երեքշաբթի Ռուսաստանում օգտատերերը դեռ մուտք ունեին Apple-ի առցանց խանութ, սակայն iPhone գնելու նրանց փորձերն անհաջող էին։