Ռուսաստանի ՊՆ–ն հայտնում է Խերսոն քաղաքը լիարժեք հսկողության տակ վերցնելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին. ռուսական բանակը գրավել է Խերսոնը, փոխանցում է «Газета.ру»-ն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Տոկմակ եւ Վասիլեւկա բնակավայրերում, որտեղ ուկրաինացի զինծառայողները հրաժարվել են դիմադրությունից եւ կամովին զենքը վայր են դրել։ Մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու գրությունները ստորագրելուց հետո ուկրաինացի զինծառայողները կվերադառնան իրենց ընտանիքներ։ Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են Խերսոն մարզկենտրոնը»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ այդ մարզկենտրոնում, որը մոտ 300 հազար բնակիչ ունի, ներկա պահին խնդիրներ չկան պարենի եւ քաղաքային ենթակառուցվածքի աշխատանքի հետ կապված։
«Շարունակվում են բանակցությունները ռուսական հրամանատարության, քաղաքի եւ մարզի վարչակազմի միջեւ՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների գործունեությանն աջակցելու, իրավակարգը եւ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցերը լուծելու համար»,- ամփոփել է Կոնաշենկովը։
Ինչպես տեղեկացնում է «Украинская правда»-ն, ըստ վերջին տվյալների՝ Խերսոնում ՌԴ ԶՈւ-ն գրավել է կայարանը եւ նավահանգիստը, մարզպետարանի առջեւ կանգնած է ՌԴ ռազմատեխնիկան։ Քաղաքի փողոցներում օրվա ընթացքում երեւում են ծանր տեխնիկա եւ հետեւակայիններ։ Մարդիկ ջանում են դուրս չգալ տներից։ Խերսոնի քաղաքապետ Կոլիխաեւը խնդրում է կանաչ միջանցք տրամադրել։