Բանակցությունների արդյունքում կոնկրետություն չկա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով որևէ կոնկրետություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ երկխոսությունը շարունակելու համար փոխզիջում է պետք, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը
«Ես դեռ չեմ զգում։ Կոնկրետ այս առաջին հանդիպումից միայն մեկ փաստ կա՝ դա այն է, որ նրանք կարող են նորից հանդիպել և խոսել որոշակի առաջընթացի մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախագահի խոսքով՝ բանակցությունները շարունակելու համար փոխզիջումների գնալու ցանկություն է պետք։
«Գիտեք, առաջ գնալու համար պետք է ինչ-որ մեկը ընդառաջ քայլ անի, իսկ այնտեղ, որտեղ մեծ ռիսկ կա և ամեն օր մարդկային կյանքեր վտանգելու խնդիր, պետք է հետքայլ անել։ Սա արդեն երկխոսություն է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պետք է Ուկրաինային անվտանգության իրավական երաշխիքներ տան, եթե չեն ցանկանում նրան ընդունել ՆԱՏՕ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։