ԵԽ-ն հավանություն է տվել Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող բանաձևին
Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը և կոչ անում կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ: Փաստաթղթի շուրջ քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի Բրյուսելում ԵԽ-ի արտահերթ լիագումար նստաշրջանում:
«Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անօրինական, չհիմնավորված և չարդարացված ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ և ներխուժումը, ինչպես նաև Բելառուսի մասնակցությունն այս ագրեսիային»,- նշվում է բանաձևի տեքստում:
Պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին նոր խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում ՝ «դրանք թիրախավորել տնտեսության և ռազմարդյունաբերական բազայի ռազմավարական թուլացմանը և դրանով իսկ ապագայում միջազգային անվտանգությանը սպառնալու Ռուսաստանի Դաշնության ունակության նվազեցմանը»:
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասը:
«Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատու է ուկրաինական ենթակառուցվածքների, ներառյալ քաղաքացիական օբյեկտների և բնակելի շենքերի, ինչպես նաև զգալի տնտեսական կորուստների համար, և պետք է փոխհատուցի իր ագրեսիվ գործողությունների հետևանքով պատճառված վնասը»,- ասված է բանաձևում։