Ռոսավիացիան դիտարկում է Հայաստանը որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ
Ռոսավիացիան ռուսաստանցիներին հորդորել է մոտ ժամանակներս զերծ մնալ արտերկիր ոչ ծառայողական ուղեւորություններից։ Այս եւ այլ խորհուրդներ հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը վստահեցրել է, որ դեպի Եվրոպա ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքի պայմաններում փորձում է մարդասիրական թռիչքներ կազմակերպել դեպի երկրներ, որտեղ հատկապես շատ են ՌԴ քաղաքացիները։ Այդ թռիչքները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք թույլատրվեն եվրոպական այն երկրների ավիացիոն իշխանությունների կողմից, որոնցով պետք է կազմակերպվի տվյալ թիռչքը։
«Ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր ավիաընկերությունների միջոցով իրենց ուղեւորների փոխադրումը կազմակերպելու համար։ Եթե ուղեւորը հրաժարվի ճանապարհորդությունից, գումարը կվերադարձվի ամբողջությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով 2020թ․ նմանատիպ թռիչքներ կազմակերպելու փորձը՝ տվյալների հավաքագրումն ու դրանց մշակումը պահանջում է ժամանակ եւ հատուկ ռեսուրսների ստեղծում։ Այդ կապակցությամբ ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիտարկել տուն վերադառնալու այլընտրանքային ուղիներ»,- զգուշացրել է գերատեսչությունը։
Մասնավորապես, խորհուրդ է տրվում օգտվել դեպի երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքներից, օրինակ՝ Ադրբեջանով, Հայաստանով, Ղազախստանով, Կատարով, Արաբական Միացյալ Էմիրություններով, Թուրքիայով, ապա՝ ռուսական կամ արտասահմանյան ավիաընկերությունների չվերթներով՝ արդեն դեպի Ռուսաստան։
Խորհուրդ է տրվում նաեւ օգտվել տրանսպորտային հաղորդակցության խառը երթուղիներից, օրինակ, հասնել մինչեւ Լատվիա, Լիտվա, Լեհաստան եւ Ֆինլանդիա՝ օգտվելով օտարերկրյա ավիաընկերությունների թռիչքներից կամ տրանսպորտային այլ միջոցներից, այնուհետեւ ցամաքային տրանսպորտով հասնել Ռուսաստան, այդ թվում` Բելառուսով:
Ռուսական ինքնաթիռների թռիչքներն արգելել են աշխարհի 36 երկրներ, այդ թվում՝ Եվրոպայի երկրները եւ Կանադան։ Սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասն է՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ։ Ռուսաստանը հայելային միջոցներ է ձեռնարկել։