Հայաստանում կենսաթոշակների կանոնավոր ինդեքսավորում չի մտցվի
ԱԺ ընդդիմությունն առաջարկում է բարելավել կենսաթոշակառուների ու նպաստառուների սոցիալական վիճակը։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ օրակարգում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ներառելու հարցի քննարկման ժամանակ։
Մասնավորապես, նա առաջարկեց ամեն տարի ինդեքսավորել աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակները։ «Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում։ Շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին թանկացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու»,- ասաց Վարդանյանը։ Նա նաեւ առաջարկեց, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023թ․ հունվարի 1-ից։
Նշենք, որ կառավարությունը նախկինում բացասական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը։ Ընթացիկ քառօրյայի օրակարգում օրենսդրական փաթեթը ներառելու առաջարկին կողմ քվեարկեց ընդամենը 24 պատգամավոր, դեմ՝ 62-ը։ Նրանք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ էին։