Ի՞նչ է քննարկվել Նիկոլ Փաշինյան-ՔՊ հանդիպման ընթացքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Եվ չնայած մոտ մեկ ամիս առաջ էին նախատեսում անել՝ Դիլիջանում, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա խմբակցությունն առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը եւ իրենց անելիքները:
Փաշինյանի՝ ԱԺ գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի, որ լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր եւ պահպանեք չեզոքություն, մինչեւ կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել, եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաեւ ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը: Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտել՝ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելո՞ւ են, թե՞ ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: