Ոստիկանները շնորհակալություն են հայտնել այծին` կասկածյալին բռնելու հարցում օգնելու համար
ԱՄՆ-ի ոստիկանությունը երախտագիտություն է հայտնել այծին, ով օգնել է իրենց ձերբակալել կասկածյալ տղամարդուն, հայտնում է Fox News-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոխշերիֆ Դեյվիդ Պարնելան և նրա գործընկեր Սքոթ Բարքերը ժամանել են՝ ձերբակալելու մի տղամարդու, ով մեղադրվում էր ընտանեկան բռնության մեջ։ Կասկածյալը, լսելով, որ պետք է ոստիկանների հետ գնա ոստիկանական բաժանմունք, փախուստի է դիմել։
Ինչպես հայտնել են ոստիկանները, իրենք սկսել են հետապնդել տղամարդուն, երբ հանկարծ նրանց է միացել հարեւան տնից մի այծ։ Կենդանին հետապնդել է կասկածյալին նույնիսկ այն ժամանակ, երբ նա փախել է անտառ՝ ստիպելով նրան վերադառնալ ոստիկանություն։
«Երբեմն օգնությունը լինում է տարբեր ձևերի ու չափերի»,- կատակել է ոստիկանությունը։
Բարքերը հավելել է, որ տղամարդուն բերման ենթարկելուց հետո այծին վերադարձրել են տիրոջը՝ երախտագիտություն հայտնելով կենդանուն։