Bloomberg. Հումքի գներն աշխարհում բարձրանում են՝ մատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով
Տարբեր հումքային ապրանքների գները բարձրանում են, քանի որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները բարձրացնում են մատակարարումների խափանումների հավանականությունը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Ցորենը երկուշաբթի թանկացել է՝ հասնելով 13 տարվա մեջ գրեթե ամենաբարձր մակարդակին, այն դեպքում, երբ ալյումինիումի գինը ռեկորդ է սահմանել, նիկելի գինը նույնպես բարձրացել է։ Ոսկին, որը որպես «ապաստան» է հանդես գալիս միջազգային լարվածության ցանկացած թեժացման ժամանակ, նույնպես թանկանում է։
G7-ի երկրների ղեկավարները որոշում են կայացրել անջատել որոշ ռուսական բանկեր վճարումների միջազգային SWIFT համակարգից, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներ մտցնել ՌԴ ԿԲ միջազգային պահուստների դեմ։ Ավելի կոշտ սահմանափակումներ մտցնելը խորացնում է անորոշությունը հումքի շուկայի իրավիճակի հարցում, նշել են փորձագետները։
«Եթե բեկում չլինի խաղաղ բանակցություններում, մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի հումքային ապրանքների գների կտրուկ աճի, քանի որ մենք տեսնում ենք, որ պահանջարկի պակասեցումն այժմ մնում է միակ էական մեխանիզմը շուկայի հավասարակշռման համար»,- ասվում է Goldman Sachs Group Inc-ի հաղորդագրությունում։
Չնայած մետաղները եւ գյուղտնտապրանքները արեւմտյան քաղաքական գործիչների տեսադաշտում չեն, դրանց գներն ավելանում են, քանի որ ներդրողները մտահոգ են, որ վերջին միջոցները կարող են հանգեցնել մատակարարների վճարումների կտրուկ անկման եւ բանկերին մղել ռուսական ապրանքների գնումները ֆինանսավորելու հետագա կրճատման։
Ռուսաստանին եւ Ուկրաինային միասին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մեկ քառորդը եւ եգիպտացորենի արտահանման մեկ հինգերորդը։ ՌԴ-ն այնպիսի հումքի ամենախոշոր մատակարարն է, ինչպիսին են ալյումինիումը, նիկելը, պալադիումը, նավթը եւ գազը։
Լոգիստիկ ցնցումների վտանգը ապրանքների շուկաներում արագ ավելանում է. ապահովագրողները կամ հրաժարվում են ապահովագրել Սեւ ծով մտնող նավերը, կամ դրա դիմաց հսկայական վճարներ են պահանջում։ UN Comtrade-ի տվյալների համաձայն՝ 2020թ. Թուրքիան ռուսական ալյումինիումի ամենախոշոր գնողն էր՝ առաջ անցնելով Չինաստանից եւ Ճապոնիայից։
Ուկրաինայի նավահանգիստները փակ են, եւ թրեյդերներն ասում են, որ նախընտրում են «չաշխատել» ռուսական ցորենի հետ։ Որոշ արտահանողներ ներկայում հրաժարվում են պայմանագրերի կնքումից, որովհետեւ չգիտեն՝ կկարողանա՞ն արդյոք կատարել դրանք իրավիճակի զարգացման անորոշության պատճառով, տեղեկացնում է Bloomberg-ը։
Ցորենի մարտյան ֆյուչերսների գնանշումները Չիկագոյում երկուշաբթի օրվա աճուրդների ընթացքում բարձրացել են 6,2 տոկոսով՝ բուշելը 8,95 դոլար՝ ըստ Trading Economics-ի տվյալների։ Եգիպտացորենի ֆյուչերսային գործարքները թանկացել են 3,5 տոկոսով՝ մեկ բուշելը 6,825 դոլար։
Ալյումինիումը Լոնդոնում հասել է նոր ռեկորդի՝ բարձրանալով 4 տոկոսով, այն դեպքում, երբ պալադիումը բարձրացել է 7,8 տոկոսով՝ մատակարարումների հնարավոր խափանումների մտահոգությունների հետ կապված։ Արծաթի եւ պլատինի գները աննշան են փոխվել։
Մարտյան գործարքների գնանշումները NYMEX-ում երկուշաբթի բարձրանում են 0,7 տոկոսով՝ մեկ ունցիան 1 901,1 դոլար։