Առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և ՀՀ-ի օրակարգ չունենք. թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը. Սաղաթելյան
Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։
Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ»:
Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է նաեւ ՀՅԴ-ին՝ նշելով. «Դաշնակցությունը սոսկ քաղաքական կուսակցություն չէ. այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպություն է։ Դաշնակցությունը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ, հայ ինքնության և դիմադրողականության առանցք։
Ես կուզեի, որ Ընդհանուր ժողովից հետո կարողանանք գործնական քայլերով այս ընկալումը ձևավորել Դաշնակցության հանդեպ:
Դաշնակցության առաքելությունն ավելին է, քան դասական քաղաքական գործունեությունը։ Մենք պետք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի Դաշնակցություն, այս պահի ազգային շահի գերակայության թելադրանքը դա է»: