Բելառուսում մեկնարկեցին ռուս-ուկրաինական բանակցությունները
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բելառուսա-ուկրաինական սահմանի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցության համար, հայտնում է УНИАН-ը։
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։
Նշվում է, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումը եւ զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից։
Նշենք, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան իրենց առաջին բանակցություններն են անցկացնում Բելառուսի Գոմելի մարզում։
Ռուսական կողմը Բելառուս է ժամանել փետրվարի 27-ին։ Ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների վայր է ժամանել ռազմական ուղղաթիռներով բանակցությունների մեկնարկից երկու ժամ առաջ, հայտնում է БЕЛТА-ն։
Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպման ճշգրիտ վայրը չի նշվում։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված են նաեւ պաշտպանության եւ արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն եւ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, Դոնբասում կարգավորման կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալը Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ փոխարտգործնախարար Նիկոլա Տոչիցկին։