Հարավային Կորեան կսահմանափակի ռազմավարական նյութերի մատակարարումը Ռուսաստան
Կորեայի Հանրապետությունը որոշել է էմբարգո սահմանել Ռուսաստան ռազմավարական նյութերի մատակարարման վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը։
ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ Սեուլը կաջակցի արեւմտյան երկրների՝ Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգից անջատելու ջանքերին, ինչի մասին ԱՄՆ-ն արդեն տեղեկացրել է դիվանագիտական ուղիներով։
Ավելի վաղ Հարավային Կորեայի պլանավորման եւ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է միանալ Ռուսաստանի դեմ արեւմտյան արտահանման պատժամիջոցներին՝ ընդ որում միջոցներ ձեռնարկելով ազգային տնտեսությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։