Պենտագոն. Միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման մասին Պուտինի հրամանն իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում
Միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը սրացում է, որը կարող է իրավիճակը «շատ ավելի վտանգավոր» դարձնել, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Պուտինը հրամանը տվել է այն պահին, երբ, ըստ Վաշինգտոնի, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերն անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում։ Ինչպես հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները, դրան նպաստել են ուկրաինական ուժեղ դիմադրությունը եւ ձախողումները պլանավորման հարցում, որոնք վառելիքի եւ անհրաժեշտ այլ պարագաների պակասի հանեգեցրին, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:
Պենտագոնը Պուտինի հրամանի մասին տեղեկացել է ոչ թե ամերիկյան հետախուզական աղբյուրներից, այլ ՌԴ նախագահի հեռուստաուղերձից, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին եւ Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Թոդ Ուոլթերսը նախապես ծրագրված հանդիպում անցկացրեցին՝ ՌԴ նախագահի որոշումը քննարկելու համար:
Չնայած Վաշինգտոնը դեռ տեղեկություններ է հավաքում՝ Պուտինի որոշումը մտահոգիչ է, անանուն մնալու պայմանով ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։ «Ըստ էության, այն ուժեր է խաղի մեջ մտցնում, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել»,- ասել է նա:
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, պաշտոնյան պատասխանել է. «Այդ աջակցությունը կշարունակվի»։
ԱՄՆ-ի գնահատականներով՝ Ռուսաստանն ավելի քան 350 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը խոցել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, Պենտագոնի պաշտոնյան խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, ինչը, ըստ ռազմական գերատեսչության, վկայում է ռուսական ուժերի ռազմավարության փոփոխության մասին:
Խոսելով Կիեւից հյուսիս Չեռնիգովի ուղղությամբ ռուսական առաջխաղացման մասին՝ պաշտոնյան ասել է, որ կան նշաններ, որ Ռուսաստանը պաշարման մարտավարություն է կիրառում:
«Նրանց մոտ, կարծես, սկսում է զարգանալ պաշարման մտածելակերպը, իսկ ռազմական մարտավարության եւ ռազմավարության ցանկացած ուսումնասիրող ձեզ կասի, որ պաշարման դեպքում մեծանում է կողմնակի կորուստների հավանականությունը»,- ասել է նա: