Մթերքները, որոնք կարող են 10 տարով երկարացնել կյանքը
Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոբազգիների, ընկուզեղենի և ամբողջական հացահատկի օգտագործումը, ինչպես նաև կարմիր մսից և վերամշակված մթերքներից խուսափելը կարող է զգալիորեն երկարացնել կյանքը: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։
Նշվում է, որ սննդակարգի հետ կապված ռիսկի գործոնները տարեկան միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ են հանդիսանում: Ժամանակակից «արևմտյան սննդակարգը», որը ներառում է վերամշակված մթերքներ, մեծ քանակությամբ ճարպեր և պարզ ածխաջրեր, առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ և խլում է տարիների կյանք։
Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողներն օգտագործել են մետավերլուծությունների տվյալները և «Հիվանդությունների գլոբալ բեռի» հետազոտությունները՝ ստեղծելու մոդել, որը թույլ է տալիս գնահատել կյանքի տևողության և սննդակարգի մի շարք փոփոխությունների միջև կապը։ Այս մոդելն այժմ հասանելի է Food4HealthyLife առցանց հաշվիչի տեսքով:
Ինչպես պարզվել է, 20 տարեկանից սկսած օպտիմալ սննդակարգին անցնելը կյանքի տևողությունը կավելացնի 10-13 տարով, 60 տարեկանից՝ 8-9 տարով, իսկ 80 տարեկանից հետո՝ 3 տարով։
«Սննդամթերքի տարբեր խմբերի հարաբերական ներուժի ըմբռնումը կարող է մարդկանց հնարավորություն տալ հասնել առողջության իրական և զգալի լավացման», – ընդգծել են հետազոտողները:
Գիտնականները հույս ունեն, որ թե՛ բժիշկները, թե՛ սովորական մարդիկ ուշադրություն կդարձնեն նոր տվյալներին, քանի որ դրանք կարող են օգտագործվել սնվելն արդյունավետորեն կարգավորելու համար։