Բայդենը կարծում է` Մոսկվայի նկատմամբ սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ «երրորդ համաշխարհային պատերազմը»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ «երրորդ համաշխարհային պատերազմը»: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է բլոգեր Բրայան Քոուենին տված հարցազրույցում։ Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում։
«Լսեք, գործողությունների երկու տարբերակ կար՝ երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, ֆիզիկապես պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, կամ էլ թիվ երկու տարբերակը ՝ այնպես անել, որ այն երկիրը, որը գործում է այնքան միջազգային իրավունքին հակառակ, գին վճարի այն բանի համար, որ նա դա արել է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ընդ որում, նրա խոսքով, նա ակնկալում է, որ պատժամիջոցները միանգամից չեն բերի Վաշինգտոնի ցանկալի արդյունքը։
«Չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք անմիջական արդյունք կտան։ Նման բան չի լինում, որ դուք կարողանաք ինչ-որ մեկի դեմ պատժամիջոցներ կիրառել և ասել, որ դուք այլևս չեք կարող լինել Ռուսաստանի նախագահ։ Բայց ես կարծում եմ, որ այդ պատժամիջոցներն ամենամասշտաբայինն են պատմության մեջ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական պատժամիջոցները»,- կարծում է ԱՄՆ նախագահը։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը «լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։
Մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների մասին։ Մասնավորապես, ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ պատժամիջոցների մասին։