Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն Ուկրաինայում արտակարգ իրավիճակների ծառայություններին կտրամադրի անվճար վառելիք
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Ուկրաինայում շտապ օգնության մեքենաները և հրշեջ հաշվարկների մեքենաները կարող են անվճար լիցքավորվել ընկերության բոլոր բենզալցակայաններում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։
«SOCAR Energy Ukraine-ը, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով, աջակցություն կցուցաբերի շտապօգնության մեքենաներին և Ուկրաինայում հրշեջ ծառայության մեքենաներին անվճար վառելիքով»,- ասել է Ահմեդովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է օգնել իր երկրին նավթամթերքով՝ կապված նավթի պակասի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի: