«Առիթը բաց չեմ թողնելու, որպեսզի ավելի լավ ծանոթանամ մեր պատմությանը». ֆրանսիահայ երաժիշտ Ռեմի Փանոսյանն առաջին անգամ Հայաստանում է
Երեւանում վաղը՝ փետրվարի 27-ին, ջազային յուրահատուկ երեկո է սպասվում: Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդես կգա Ռեմի Փանոսանի ջազ տիրոն. հանդիպումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ջազի հայկական ասոցիացիայի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համատեղ ջանքերով:
Այսօր՝ փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյը, Ռեմի Փանոսյանը խոսեց Հայաստանի հետ իր սերտ կապի ու սպասվող համերգների մասին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Անն Լույոյը. դեսպանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիահայ երաժիշտին Հայաստան կատարած այցի համար՝ վստահություն հայտնելով, որ հայ ունկնդիրը եւս անտարբեր չի անցնի տրիոյի ներկայացրած արվեստի կողքով.
«Կարծում եմ՝ դեսպանության ու, առհասարակ, ֆրանսիական մշակույթի ծրագրի մեջ այս համերգը նշանավոր իրադարձություն է, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիային եւ Ջազի հայկական ասոցիացիային՝ մեզ հետ համագործակցելու համար: Գիտեմ, որ ջազը հայկական մշակույթի մեջ շատ գնահատված ու արժեւորված ժանր է, ու այս ժանրում ստեղծագործող շատ հայ երաժիշտներ կան, եւ պետք էր նաեւ ցույց տալ ֆրանսիական մշակույթը, ինչի համար էլ հրավիրել ենք Ռեմի Փանոսյանի ջազ տրիոյին: Այս տրիոն չնայած շատ երիտասարդ է, բայց մեծ փորձ ունի: Ինքս էլ մի քանի տարի առաջ եմ հնարավորություն ունեցել նրանց լսելու, ու պետք է ասեմ, որ նրանք ոչ միայն շատ նորարար են, այլեւ՝ մի փոքր խենթ, եւ երբեք չես իմանա, թե որտեղ են նրանք քեզ առաջնորդում՝ հրավիրելով անծանոթ ու հետաքրքիր մի իրականություն: Ես վստահ եմ, որ հայ հանրությունը շատ է գնահատելու նրանց արվեստը»,-իր խոսքում նշեց նա:
Ինչ վերաբերում է ֆրանսիահայ երաժիշտին՝ նա առաջին անգամ է Հայաստանում, թեեւ նշում է, որ պապից ու հորից շատ պատմություններ է լսել հայրենիքի մասին, ու քաջ ծանոթ է հայկական մշակույթին ու խոհանոցին:
«Շատ ուրախ եմ այս հրավերի ու Հայաստանում գտնվելուս համար: Ճիշտ է՝ մեր տրիոն տարբեր երկրներում հյուրախաղերով հանդես եկել է, բայց Հայաստանը շատ խորհրդնշական երկիր է մեզ համար: Արդեն մի քանի տարի է՝ ցանկանում էի գալ Հայաստան, եւ երաջանիկ եմ, որ, վերջապես, դա իրականություն դարձավ. Միգուցե դրան նպաստեց նաեւ այն փաստը, որ տիկին դեսպանը լսել էր մեր կատարումները»,-ժպիտով նշեց Փանոսյանը,-«Ինձ համար, հատկապես, շատ կարեւոր է այս այցը, քանի որ մեր ընտանիքում ես հայկական ծագմամբ առաջին անդամն եմ, որ այցելում է Հայաստան: Հայրս, ցավոք, չի եղել այստեղ, իսկ մեծ պապս, որը մի քանի տարի առաջ մահացավ, 1910-ական թ-երի սերունդ էր, եւ միայն ինքն էր լավ ծանոթ Հայաստանին: Ուրախ եմ, որ կարող եմ իմ երաժշտությունը ներկայացնել հայ ունկնդրին: Ինքս էլ առիթը բաց չեմ թողնելու, որպեսզի ավելի լավ ծանոթանամ մեր պատմությանը, ու նույնը փոխանցնեմ նաեւ իմ դստերը»,-հավելեց նա:
Ռեմի Փանոսյան Տրիոն ստեղծվել է 2009 թվականին. Իրենց գործունեության ընթացքում երաժիշտներն անց են կացրել ավելի քան 500 համերգ՝ մոտ 40 երկրում, ջազի ամենահեղինակավոր բեմերում, ինչպիսիք են՝ Ջազը Խուանում, Ջազը Սետում, Ջազը Մարսիակում, Տոկիոյի ջազի փառատոնը, Մոնրեալի ջազ փառատոնը, Ջարասումի միջազգային ջազ փառատոնը, Թայչունգ ջազ փառատոնը եւ այլն: