Լոնդոնի նախաձեռնությամբ 25 երկրներ քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու հարցը
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար դոնոր-համաժողով է անցկացրել 25 երկրների մասնակցությամբ, որոնցից մի քանիսը համաձայնել են մահաբեր զենք փոխանցել Կիեւին։ Այս մասին Sky News հեռուստաալիքի եթերում ասել է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ուկրաինացիները մահաբեր զենք ստանան։ Միացյալ Թագավորությունը երեկ երեկոյան հյուրընկալեց դոնոր-համաժողովը, որը նախագահում էր [Մեծ Բրիտանիայի] պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, եւ որին մասնակցում էին 25 երկրներ: Հանդիպման արդյունքում նրանցից շատերը պարտավորվել են կամ մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային կամ նրան մահաբեր զենք տրամադրել»,- ասել է Հիփին՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչ եւ երբ կփոխանցվի ուկրաինական կողմից։
Հարցին, թե վստահ է արդյոք, որ զենքը կարող է հասնել Ուկրաինա, փոխնախարարը դրական է պատասխանել։ Հարցին, թե արդյոք Լոնդոնը զենք կփոխանցի «ուկրաինական դիմադրության ուժերին» Վլադիմիր Զելենսկու կառավարության տապալման դեպքում, Հիփին նշել է, որ նման որոշումներ կընդունի Մեծ Բրիտանիայի Անվտանգության խորհուրդը։ Նրա խոսքով՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանության նախարարությանը խնդրել է ծրագիր պատրաստել իրադարձությունների նման զարգացման դեպքում։
Sky News-ը պարզաբանում է, որ վիրտուալ ռեժիմով անցկացված դոնոր-համաժողովի մասնակիցների թվում են եղել ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները։