Մեդվեդև․ ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում ՌԴ անդամությունը կասեցնելը լավ հնարավորություն է՝ վերականգնելու, օրինակ, մահապատիժը
ԵԽ-ում եւ ԵԽԽՎ-ում ՌԴ անդամությունը կասեցնելը լավ հնարավորություն է՝ վերականգնելու այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին է մահապատիժը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սա նաեւ լավ հնարավորություն է՝ վերականգնելու մի շարք կարեւոր ինստիտուտներ՝ երկրում առանձնապես ծանր հանցագործությունները կանխելու համար, օրինակ, մահապատիժը, որն, ի դեպ, ակտիվորեն կիրառվում է ԱՄՆ-ում եւ Չինաստանում»,- գրել է Մեդվեդեւը «Вконтакте»-ի իր էջում։
Բացի այդ, անդամության կասեցման հետ կապված նա հավելել է, որ դա «լավ պատճառ է՝ դուռը շրխկացնելու եւ այդ անիմաստ անկելանոցների մասին մեկընդմիշտ մոռանալու համար»։
Ավելի ուշ Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը մեկնաբանել է Մեդվեդեւի հայտարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանում մահապատժի մորատորիումը մտցվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի կողմից, եւ ոչ մի իշխանություն իրավունք չունի հաղթահարելու ՍԴ-ի դիրքորոշումը։
«Ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Այն չի փոխվել: Մորատորիումը մտցվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի կողմից»,- ասել է Կլիշասը։