Washington Post-ը հայտնել է Զելենսկուն Կիեւից տարհանելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին
ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեռանալ Կիեւից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին, հաղորդում է РБК-ը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ վերջին օրերին ԱՄՆ-ի իշխանություններն Ուկրաինայի նախագահի հետ քննարկել են անվտանգության տարբեր հարցեր, ներառյալ այն, թե ինչ վայրեր կարող են առավել անվտանգ լինել Զելենսկու համար։
WP-ի հաղորդմամբ՝ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բեռնսը հունվարին ժամանել է Ուկրաինա եւ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հարցրել, թե արդյոք նա կամ նրա ընտանիքը վտանգի տակ է: Ինքը՝ Բեռնսը, այլ տեղեկություններ չի հայտնել, սակայն զգուշացրել է, որ Զելենսկին պետք է լուրջ վերաբերվի իր անձնական անվտանգությանը։
Փետրվարի 21-ին՝ մինչ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկը, NBC-ի թղթակից Ռիչարդ Էնգելը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի կառավարության հետ քննարկել է Զելենսկու հնարավոր մեկնումը՝ երկրում իրավիճակի սրման դեպքում։
Սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Զելենսկին չի պատրաստվում լքել երկիրը։ «Նախագահը միշտ կլինի Ուկրաինայի ժողովրդի կողքին»,- ասել է Կուլեբան։