Բագրատյան. նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենահաջող թեկնածուն չէր այս պաշտոնում
Ես մասամբ համաձայն եմ այն պնդման հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հատուկ գործողություն սկսելով Ուկրաինայում, կուլ տվեց Արևմուտքի խայծը։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ անգլոսաքսոնական աշխարհին, ի վերջո, հաջողվեց Պուտինին ներքաշել լայնամասշտաբ հակամարտության մեջ։ Բագրատյանը հիշեցրեց, որ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման ժամկետները մեկ անգամ չէ, որ հետաձգվել են։
«Այո, ըստ երեւույթին, ինչ-որ տեղ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նյարդերը չհերիքեցին»,- ասաց նախկին վարչապետը։
Նա նաեւ նշեց, որ Ուկրաինայի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու համար Ռուսաստանին անհրաժեշտ կլինի լուրջ ուժեր եւ միջոցներ ներգրավել։ Բագրատյանի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում լայնածավալ ցամաքային գործողություն չի իրականացվում։
«Նման գործողություն իրականացնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ կլինի մոտ 1 միլիոն զինվոր ներգրավել։ Կրեմլը նման հնարավորություն չունի։ Սա չափազանց մեծ երկիր է։ Կներեք համեմատության համար, բայց սա Արցախը չէ»,- պարզաբանեց նախկին վարչապետը։
Նրա խոսքով՝ ինչ էլ որ լինի, Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի եւ կատարի իր ընտրությունը։ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա խոսքով, իսկապես ամենահաջող թեկնածուն չէր այս պաշտոնում։
«Ես լիովին կիսում եմ այն կարծիքը, որ Զելենսկին լավագույն թեկնածուն չէր։ Նա նույնիսկ չփորձեց ընդհանուր լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- համոզված է Բագրատյանը։