ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով համաձայնեցված գործողությունները կարեւոր ազդանշան են։ Նա հավելել է, որ Պուտինի, Լավրովի եւ այլ պաշտոնյաների դեմ պատժամիջոցներն ընդունվել են նախագահ Բայդենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հեռախոսազրույցից հետո։
Ավելի վաղ Եվրամիությունը եւ Կանադան պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Միշուստինի եւ Լավրովի դեմ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ՝ կաված Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ։
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաեւ «ԿամԱԶ»-ը, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Սովկոմֆլոտ»-ը եւ «Միացյալ նավաշինական կորպորացիան»:
Բացի այդ, Facebook-ը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, արգելել է ռուսական պետական լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր հարթակում։