Արևմուտքին պետք չէ՝ Ուկրաինան հաղթի, նրանց պետք է` ռուսները երկար մնան ուկրաինական ճահճում. Կիվիրյան
ՏեսանյութերՌուսաստանն այս պահին Ուկրաինայում լուծում է ոչ միայն իր անվտանգության, այլ նաեւ աշխարհակարգի նոր մոդելի ձեւավորման հարցը։ Նման կարծիք NEWS.am-ի TALK TIME հաղորդման ընթացքում հայտնել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող պատերազմին եւ այդ համատեքստում Ռուսաստանի ունեցած շարժառիթներին։
Կիվիրյանի համոզմամբ՝ այս օրերին կատարվողը կարող է հանգեցնել մի կողմից Եվրոպայի նոր վերաբաժանման՝ նոր սահմաններով, մյուս կողմից համաշխարհային նոր իրավակարգի ձեւավորման։
«Այստեղ միայն Ռուսաստանի խնդիրը չէ՝ Չինաստանը նորից Թայվանի հարցն է բարձրացնում, տեղեկատվություն կար, որ չինական նավերը Թայվանի անվտանգության գոտի են մտել։ Ձեւավորվել են տարածաշրջանային տերություններ, որոնք ուզում են խաղի կանոններ սահմանել, որովհետեւ եթե դրանք սահմանված չեն, կփորձեն ամեն քայլի դիմել»,- նշում է Կիվիրյանը։
Վերլուծաբանը նկատում է՝ մինչեւ ռազմական գործողություններ սկսելը Ռուսաստանը խաղի կանոններ սահմանելու հարցով ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին էր դիմել, եւ մերժումից հետո ռազմական գործողությունները սկսվեցին։
«Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինային, այլ նաեւ դեպի ՆԱՏՕ ձգտող մի շարք այլ երկրներին փորձում է ցույց տալ, որ իրենք անպաշտպան կլինեն ցանկացած պարագայում, եթե սպառնան իր անվտանգության»,- շեշտեց վերլուծաբանը։
Հարցին, թե ինչու Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները գործնականում չմիջամտեցին կատարվողին, որի հետեւանքով Ուկրաինան, փաստացի, մենակ մնաց Ռուսաստանի դեմ, Կիվիրյանը նկատեց՝ դարեր շարունակ մեծ պետությունները փոքր երկրների եւ ազգերի արյամբ են փորձում իրենց խնդիրները լուծել։
«Փոքր պետությունները պետք է սա հասկանան եւ մեծ գերությունների բախման դեպքում չվերածվեն մանրադրամի։ Նույն սխալն արեց Վրաստանը 2008թ-ին, նույնն արեց Ուկրաինան։ Պարզ էր, որ որեւէ գերտերություն չի գալու եւ Ուկրաինայի համար կռվի։ Զելենսկուն բերելու նպատակը մի նոր Ռեչ Պոսպոլիտայի ստեղծումն էր, որով պատնեշ եւ պլացդարմ կստեղծեին Ռուսաստանի դեմ։ Դրա մեջ, հավանաբար, կմտնեին Ուկրաինան, Բելառուսը, Մերձբալթյան երկրները։ Բելառուսում առաջին փորձը տապալվեց, դրա համար Ուկրաինային անցան՝ փորձելով սրել իրավիճակն ու, եթե հնարավոր լինի, գործողությունները թեժացնել Բելառուսում եւ Մերձդնեստրում։ Պարզ էր, որ Ռուսաստանը շատ դաժան քայլերի է դիմելու, եւ չխորշեցին անգամ իրենց արյունակից ժողովրդի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելուց։ Երբ դրված է քո պետության անվտանգության հարցը, պետք է ամեն քայլի դիմես»,- ընդգծեց Կիվիրյանը։
Ի՞նչ կարգավիճակ է առաջիկայում ունենալու Ուկրաինան՝ պահպանվելո՞ւ է այն տեսքով, ինչպիսին մինչեւ պատերազմի մեկնարկն էր, թե՞ կարող է անգամ մասնատվել տարբեր հատվածների։ Դա, ըստ վերլուծաբանի, կախված կլինի՝ ինչպես ուկրաինական կողմը կդիմադրի Ռուսաստանին։
«Եթե փորձեն ակտիվ դիմադրել, եւ Ռուսաստանն ընկղմվի այդ պատերազմի մեջ, մոդելը կլինի այլ ձեւ։ Բայց եթե արագ ընկնեն քաղաքները՝ այդ թվում Կիեւը, պարտիզանական լուրջ շարժման չհանդիպեն, պարզ է, որ Ռուսաստանն Ուկրաինան բաց չի թողնի։ Ուկրաինան բաղկացած է երկու մասից՝ արեւելյան եւ արեւմտյան։ Եթե արեւմտյան մասում՝ Լվովի հատվածում, ինչ-որ առումով ուկրաինական ազգ հասկացողությունը ձեւավորվել է, ապա Լուգանսկի եւ Դոնեցկի օրինակով տեսնում ենք, որ մարդկանց մի մեծ մասն իրենց ռուս է համարում, կամ էթնիկ կրկնակի ենթագիտակցություն կա՝ ես էլ եմ մարդկանց հանդիպել, երբ ծնողն իրեն ռուս է համարում, երեխան՝ ուկրաինացի»,- ընգծեց Կիվիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։