Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է. Վիտալի Կլիչկո
Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է: Ինչպես տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Քաղաքը մտել է պաշտպանական գործողությունների փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են հնչում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսաստանցիների դիվերսիոն խմբերը: Ցավոք, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն մտել են Կիև: Թշնամին ուզում է ծնկի բերել մայրաքաղաքը և ոչնչացնել մեզ»,- ասել է Կլիչկոն:
Կիևի քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանությունը պահում է Կիևի շուրջ։
«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին: Աջակցում ենք և օգնում ենք նրանց»,- եզրափակել է Կլիչկոն: