Դարիգա Նազարբաևան լքում է Մաժիլիսը
Դարիգա Նազարբաևան հայտարարել է Մաժիլիսի պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, հայտնում է Tengrinews.kz-ն։
Պարբերականը մեջբերում է Նազարբաեւայի հայտարարության տեքստը.
«Այսօր ես որոշում կայացրեցի վայր դնել պատգամավորական մանդատը եւ ամբողջությամբ կենտրոնանալ սոցիալական, հումանիտար, մշակութային եւ բարեգործական գործունեության վրա:
Ես երախտապարտ եմ Nur Otan կուսակցության օգտին քվեարկած Ղազախստանի ժողովրդին, կուսակիցներին եւ երկրի ղեկավարությանը՝ իմ հանդեպ վստահության համար։
Հունվարյան ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ առանց խաղաղ երկնքի, առանց Ղազախստանի ժողովրդի միասնության մեր երկրում բարգավաճում ու հետագա զարգացում չի լինի։ Տեղի ունեցածը մեծ ողբերգություն է մեր ամբողջ ժողովրդի համար։
Կարծում եմ, որ կատարվածի մանրակրկիտ եւ օբյեկտիվ քննություն է անհրաժեշտ, որի արդյունքում մեղավորները պետք է արդարացի պատժվեն, իսկ անմեղները՝ ազատ արձակվեն։
Մենք բոլորս՝ ղազախստանցիներս, մեր ողջ հասարակությունը պետք է քաղենք «սեւ հունվարի» դառը դասերը եւ ամեն ինչ անենք, որպեսզի այդպիսի բան երբեք չկրկնվի։ Սարսափի եւ վախի այս ողբերգական օրերը ցույց տվեցին, թե ինչի կարող է հանգեցնել անարխիան:
Հանուն մեր հայրենիքի ներկայի եւ ապագայի, հանուն նրա ազգային ինքնիշխանության եւ անկախության պահպանման, հանուն խաղաղության եւ անվտանգության մենք պետք է դրսեւորենք հասարակության միասնությունն ու համախմբվածությունը։ Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին ու նրա շահերին, իսկ դրա համար պաշտոններ պետք չեն»,- իր ուղերձում ասել է պատգամավոր Դարիգա Նազարբաեւան։