Միշուստին. ԵԱՏՄ երկրները միասին են՝ չնայած մեզ բաժանելու արեւմտյան երկրների փորձերին
Այսօրվա հանդիպումը լավագույն հաստատումն է այն բանի, որ ցանկացած իրադրությունում մենք միասին ենք։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք միասին ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ չնայած արտաքին ճնշմանը եւ մեզ բաժանելու արեւմտյան երկրների փորձերին»,- նշել է նա։
Եվրասիական տնտեսական միությունը, նրա գնահատմամբ, հաջողությամբ առաջ է ընթանում։
Անցած տարի ԵԱՏՄ-ում գրանցվել են սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների ռեկորդային մեծություններ։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում շեշտել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա պարզաբանել է, որ անցած տարվա հունվար-նոյեմբերին ընդհանուր համախառն ներքին արդյունքը մոտեցել է 4, 5 տոկոսի, ապրանքաշրջանառության ծավալը անդամ պետությունների միջեւ ավելացել է մեկ երրորդով, միութենական արտադրանքի արտահանումը՝ 42 տոկոսով։
Միշուստինը նշել է, որ շատ կարեւոր է, որ այս թվերը գերազանցում են 2019թ.՝ մինչ համավարակը գրանցված մեծությունները։
«Մասնավորապես, փոխադարձ առեւտուրն ավելացել է գրեթե 18 տոկոսով, իսկ արտաքինը՝ 12,6 տոկոսով։ Այս արդյունքները հնարավոր են դարձել Միության բոլոր ինտեգրացիոն կառուցների կարգավորված գործունեության շնորհիվ։ Անհրաժեշտ է այսուհետ եւս գտնել օպտիմալ եւ արդյունավետ լուծումներ՝ տնտեսության եւ մեր ժողովուրդների բարեկեցության աճը խթանելու համար։
Մեր հիմնական կողմնորոշիչը մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումն է։ Գործողությունների պլանը ներառում է ավելի քան 200 միջոցառում, մենք կշարունակենք կատարելագործել ընդհանուր շուկան եւ վերացնել պատնեշներն ապրանքների, ծառայությունների, կապիտալների եւ աշխատուժի շարժի ճանապարհին։
Համատեղ գործունեության գերակա վեկտորներից մեկն ենք համարում արդյունաբերական կոոպերացիայի խթանումը։ Անցած տարվա հունվար-նոյեմբեր ժամանակաընթացքում ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրության ծավալը ավելացել է ավելի քան 5 տոկոսով։ Հարկ է խորացնել համագործակցությունն ի հաշիվ ընդհանուր նախագծերում ներդրումների ներգրավման, ապրանքների արտահանման, ավելացված արժեքի եվրասիական շղթաների ստեղծման»,- ընդգծել է նա։