Զելենսկին հայտնել է Ռուսաստանի ռազմական գործողությունների առաջին օրը Ուկրաինայի կորուստների մասին
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այսօրվա դրությամբ մենք կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին: Նրանցից 10-ը սպա էր: Վիրավորվել է 316 քաղաքացի»,-ասել է նա:
Զելենսկու խոսքով, զոհվել են Զմեյնի կղզու բոլոր պաշտպանները, նրանց հետմահու կշնորհվի Ուկրաինայի հերոսի կոչում:
Նշենք, որ Զելենսկին որոշել է ստեղծել երկրում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն, ինչպես նաեւ համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել:
Ինչպես հաղորդում է РБК-ն, Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին եւ ավիացիային, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:
«Ընդհանուր առմամբ, ռուսական ԶՈՒ հարվածների արդյունքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 83 միավոր ցամաքային օբյեկտ: Հատուկ ռազմական գործողության սկզբից խփվել է Ուկրաինայի զինված ուժերի 2 ՍՈՒ-27, 2 ՍՈՒ-24, մեկ ուղղաթիռ եւ 4 «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ»,-փետրվարի 24-ի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: