Հայաստանը մասամբ ազատ երկիր է. ընդդիմադիրների դեմ քրգործերը «խորացնում են մտահոգությունը. Freedom House-ի զեկույցը
Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Այս մասին նշված է Freedom House-ի այսօր՝ փետրվարի 24-ին հրապարակած տարեկան զեկույցում։
«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։
Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։
Հարևան Վրաստանը ևս, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքը, մասնավորաբար, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։
Հարավային Կովկասի երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։
«Ադրբեջանը աշխարհի 16 ամենից ոչ ազատ պետությունների թվում է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում արձանագրած իր վատ ցուցանիշներով զիջելով միայն Չինաստանին, Լիբիային, Մյանմային և Եմենին», - պնդում են Freedom House-ի փորձագետները։
Հայաստանի մեկ այլ հարևանը՝ Թուրքիան, իրավապաշտպանների կողմից ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին։ Ավելին, թուրքական հնրապետությունը Freedom House-ի այսօր հրապարակված զեկույցում մեկ անգամ ևս ճանաչվել է Եվրոպայի ամենից ոչ ազատ երկիր։
«Նախորդ տարի իշխանությունները բռնություններով արձագանքեցին Բողազիջի համալսարանի շուրջ կենտրոնացած ուսանողական բողոքի ակցիաներին, ինչպես նաև կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջով կայացած մի շարք ցույցերին», - արձանագրում են զեկույցի հեղինակները։